«Սովորի՛ր և վաստակի՛ր․Արցախ» ծրագիր
ՀԲԸՄ-ն աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող համահայկական կազմակերպություն է, որն իր կրթական, մշակութային, մարդասիրական ու սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը:
ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Արցախ» ծրագիրը Արցախից տեղահանված մեր հայրենակիցների համար պարբերաբար կազմակերպում է անվճար դասընթացներ տարբեր թեմաներով։
Նշված ծրագրի շրջանակներում ՀԲԸՄ-ին գործընկեր կառույց է դարձել նաև ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ը՝ կազմակերպելով «Հաշվապահական հաշվառում», «Մարքեթինգ», «Մարդկային ռեսուրսների կառավարում» թեմաներով դասընթացներ և ոչ միայն։
Ուսուցումն իրականացվում է վերամասնագիտացման, վերաորակավորման կամ կարճաժամկետ հատվածում նոր մասնագիտություն ստանալու, աշխատաշուկայում մրցունակ լինելու հմտություններ զարգացնելու կամ այնպիսի հմտություններ ձեռք բերելու միջոցով, որոնք անձին կօգնեն շուկայում ավելի արագ գտնել իր զբաղվածությունը:
Դասընթացավարների ընտրությունը և դասընթացի կառուցվածքը մշակվել է՝ նպատակ հետապնդելով ապահովել շուկայի պահանջների և մասնակիցների կարիքների համապատասխանությունը, ինչպես նաև գործընկեր կառույցների համատեղ նպատակներին հասնելու կարևորությունը։
«Լեռնային Ղարաբաղի փախստականների մարդասիրական օգնություն և ներգրավում» ծրագիրը («Սովորի՛ր և վաստակի՛ր․Արցախ») իրականացնում է ՀԲԸՄ-ն (HEKS/EPER կազմակերպության ֆինանսավորմամբ, «Շեն» ԲՀԿ-ի և «Սյունիք-Զարգացում» համայնքային ՀԿ-ի հետ համատեղ)։