ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
5 հունիսի 2025

ՊԵԿ Ուսումնական կենտրոնը՝ EasTnT նախաձեռնության մասնագիտական համագործակցության հարթակ

  «Արևելյան գործընկերության երկրների և ԵՄ-ի միջև կայուն և թվային առևտրային ուղիների և լոգիստիկ հայեցակարգերի ամրապնդում» տարածաշրջանային նախաձեռնության շրջանակում EasTnT ծրագրի մասնակիցները աշխատանքային այցով հյուրընկալվեցին ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի Ուսումնական կենտրոնում։

  Ծրագիրը, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից, նպատակ ունի աջակցել Արևելյան գործընկերության երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի, ԵՄ չափանիշներին համահունչ թվայնացված, կայուն և փոխգործակցային մաքսային ու լոգիստիկ համակարգերի զարգացմանը։

  Պատվիրակության կազմում ընդգրկված էին EasTnT ծրագրի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, ինչպես նաև Արևելյան գործընկերության և Կենտրոնական Ասիայի երկրների մաքսային կառույցների մասնագետներ։ Այցի նպատակն էր համակողմանի ծանոթանալ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի կառուցվածքին, կառավարման համակարգին, կրթական ծրագրերի մշակման մեթոդաբանությանը, թվային ուսուցման գործիքների կիրառությանը և Կենտրոնի դերին՝ պետական ծառայողների կարողությունների զարգացման գործում։

 Մասնավորապես, ներկայացվել են ուսումնական գործընթացների հիմնական ուղղություններն ու առանձնահատկությունները, ներառյալ՝ մաքսային և հարկային ոլորտների արդի պահանջներին համահունչ վերապատրաստման գործընթացները, ինչպես նաև վերափոխման այն մեխանիզմները, որոնց միջոցով Կենտրոնը արձագանքում է պետական կառավարման համակարգի զարգացման առաջնահերթություններին։

  Այցի շրջանակում ընդգծվել է նաև EasTnT նախաձեռնության անդամ-երկրների՝ Ուկրաինայի և Մոլդովայի մաքսային վարչակազմերի ուսումնական կենտրոնների ներկայացուցիչների հետ գործնական կապերի ամրապնդման ու հետագա փոխգործակցության կարևորությունը, ինչը հիմք է հանդիսանում ուսումնական համագործակցության ձևավորման, համատեղ ծրագրերի մշակման և փորձի փոխանակման փոխադարձ հնարավորությունների իրացման համար։ 

  ՊԵԿ Ուսումնական կենտրոնում EasTnT նախաձեռնության շրջանակում կազմակերպված աշխատանքային այցը ևս մեկ անգամ ընդգծեց մասնագիտական կարողությունների զարգացման՝ կրթական գործընթացներում տարածաշրջանային համագործակցության կարևորությունը։ Անդամ երկրների մաքսային վարչակազմերի և ուսումնական կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությունն ապահովեց գիտելիքի փոխանակման, համատեղ նախաձեռնությունների իրականացման և ուսումնական գործընթացների համադրման նոր հնարավորություններ։