Մասնագիտական կողմնորոշման հանդիպումները ՊԵԿ ուսումնական կենտրոնում շարունակվում են
Նոյեմբերի 11-ին և 12-ին ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնը հյուրընկալեց Եվրասիա միջազգային համալսարանի ուսանողներին։
Հանդիպումների ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան ծանոթանալու Ուսումնական կենտրոնի գործունեությանը, ՊԵԿ համակարգում նրա կարևոր դերակատարմանը, ինչպես նաև հարկային և մաքսային ոլորտներում մասնագիտական գործունեության և կարիերայի զարգացման հնարավորություններին։
Ուսանողներին ողջունեց ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը՝ փաստելով, որ Կենտրոնը պարզապես գիտելիք փոխանցող կառույց չէ, այլ կարևոր կապող օղակ՝ կրթության և աշխատաշուկայի միջև։ «Մեզ համար կարևոր է, որ ուսանողները դեռ ուսման ընթացքում ճանաչեն ոլորտը, ձեռք բերեն կիրառելի գիտելիքներ և վստահ քայլերով մոտենան իրենց մասնագիտական ապագային», — նշեց նա։
Հարկային ոլորտի ծրագրերի զարգացման պատասխանատու Արուս Հակոբյանն ընդգծեց նման հանդիպումների կարևորությունը՝ որպես ուսանողների մասնագիտական կողմնորոշմանն ու ոլորտի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանն ուղղված արդյունավետ հարթակ։
ՀՀ ՊԵԿ ՎՄԸՎ հարկերի և պարտադիր վճարների մեթոդաբանության թիվ 2 բաժնի պետի տեղակալ Արմինե Ասրյանը ներկայացրեց հարկային և մաքսային ոլորտների առանձնահատկությունները, ՊԵԿ-ի տեսլականն ու կառուցվածքը, ինչպես նաև պետություն–քաղաքացի և պետություն–տնտեսվարող հարաբերությունների կարևոր կողմերը։
ՊԵԿ Ուսումնական կենտրոնի Համագործակցության և զարգացման բաժնի պետ Սյուզաննա Ղազարյանը ուսանողներին ներկայացրեց ՊԵԿ-ում աշխատանքի ընդունման ընթացակարգը՝ մանրամասն անդրադառնալով հարկային և մաքսային ծառայող դառնալու ընթացակարգերին, անհրաժեշտ փուլերին ու պահանջներին, ինչպես նաև Կենտրոնի կազմակերպած մասնագիտական դասընթացներին։
Հանդիպումների ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան հարցեր ուղղելու մասնագետներին, ծանոթանալու ոլորտի աշխատանքային առանձնահատկություններին և պատկերացում կազմելու ՊԵԿ-ում մասնագիտական կարիերայի հնարավորությունների մասին։
ՊԵԿ ուսումնական կենտրոնը շարունակելու է նման նախաձեռնությունները՝ նպաստելով երիտասարդների մասնագիտական կողմնորոշմանը և կրթություն–աշխատաշուկա կապի ամրապնդմանը։