ՊԵԿ Ուսումնական կենտրոնը՝ ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Հայաստան» ծրագրի գործընկեր
2026 թվականի սեպտեմբերի 29-ին ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակում անցկացվեց «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Հայաստան» (LEAP) ծրագրի ներկայացման և գործընկերային հանդիպումը՝ «Հմտություններից դեպի զբաղվածություն» խորագրով։
Միջոցառումը համախմբեց ծրագրի գործընկերներին, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, զարգացման գործընկերներին, վերապատրաստող կազմակերպություններին և ծրագրի մասնակիցներին։ Քննարկվեցին ծրագրի արդյունքները, աշխատաշուկայի միտումները, զբաղվածության առաջնահերթություններն ու ռազմավարական ուղղությունները, ինչպես նաև գործատուների պահանջարկն ու աշխատաշուկայի մարտահրավերները։
Միջոցառմանը ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը հանդես եկավ խոսքով՝ անդրադառնալով կրթության, հմտությունների և զբաղվածության միջև կապին։ Նա ընդգծեց, որ մասնագիտական կրթության նպատակը միայն գիտելիքի փոխանցումը չէ․ կարևոր է ստեղծել միջավայր, որտեղ մասնակիցը կարող է ձեռք բերած գիտելիքն ու հմտությունները կիրառել, զարգանալ և ինքնաիրացվել։ Այս համատեքստում ՊԵԿ Ուսումնական կենտրոնը նա ներկայացրեց որպես կամուրջ պետության և բիզնեսի, կրթության և աշխատաշուկայի միջև՝ կարևորելով «Սովորի՛ր և վաստակի՛ր» ծրագրում սովորելու և վաստակելու միջև կապը։
Համագործակցության շրջանակում ՊԵԿ Ուսումնական կենտրոնում ուսուցում է ստացել և շարունակում է ստանալ 250-ից ավելի շահառու՝ երեք հիմնական ուղղություններով՝ հաշվապահություն, վաճառք և հաճախորդների սպասարկում։ Ծրագրի շրջանակում մասնագիտական բովանդակությունը համակցվել է գործնական հմտությունների, թվային գործիքների, արհեստական բանականության և ոլորտին համապատասխան գիտելիքների հետ։
Միջոցառման ընթացքում ծրագրի մասնակիցները ևս կիսվեցին իրենց փորձով՝ ընդգծելով ՊԵԿ Ուսումնական կենտրոնում ստացած մասնագիտական, գործնական և կիրառելի գիտելիքներն ու հմտությունները, նոր ծանոթություններն ու ձևավորված մասնագիտական համայնքը։ Նրանց խոսքով՝ դասընթացները նպաստել են մասնագիտական գիտելիքների ընդլայնմանը և աշխատաշուկայում մրցունակության բարձրացմանը։
LEAP ծրագրի շրջանակում իրականացված համագործակցությունը միավորում է կրթությունը, հմտությունների զարգացումն ու զբաղվածությունը՝ նպաստելով մասնակիցների մասնագիտական ներուժի իրացմանը։