Հանդիպում ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Երևանի պետական համալսարանի համագործակցության շրջանակում կազմակերպվել է հանդիպում ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՊԵԿ-ի և ՊԵԿ «Ուսումնական կենտրոնի» ներկայացուցիչները։
Հանդիպման նպատակն էր ուսանողներին ծանոթացնել ՊԵԿ-ի գործունեությանը, երիտասարդ մասնագետների ներգրավման, մասնագիտական պատրաստման և կարիերայի զարգացման հնարավորություններին, ինչպես նաև ընդգծել համալսարանական կրթության և պետական կառավարման համակարգի միջև գործնական կապերի ամրապնդման կարևորությունը։
Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՊԵԿ «Ուսումնական կենտրոնի» դերը մասնագիտական կարողությունների ձևավորման և զարգացման գործում։ Կենտրոնի գործունեությունն ընդգրկում է մասնագետների նախնական պատրաստումը, շարունակական վերապատրաստումը, մասնագիտական գիտելիքների և գործնական հմտությունների զարգացումը։
Բուհերի հետ համագործակցությունը Ուսումնական կենտրոնի գործունեության կարևոր ուղղություններից է։ Այն միտված է համալսարանական գիտելիքի և պետական կառավարման գործնական փորձի փոխանակմանը, ուսանողների ներգրավմանը մասնագիտական-կրթական նախաձեռնություններում, ինչպես նաև բուհերի դասախոսների և փորձագետների մասնագիտական ներուժի օգտագործմանը ուսումնական ծրագրերի զարգացման նպատակով։
ԵՊՀ-ի հետ համագործակցությունը հնարավորություն է ստեղծում ուսանողներին դեռևս ուսումնառության ընթացքում ծանոթանալու հարկային և մաքսային վարչարարության առանձնահատկություններին, մասնագիտական գործունեության իրական մարտահրավերներին և ձեռք բերած գիտելիքների գործնական կիրառությանը։
Միաժամանակ, նման հանդիպումները հիմք են ստեղծում հետագա համատեղ նախաձեռնությունների համար՝ մասնագիտական դասախոսություններ, գործնական սեմինարներ, ուսանողական նախագծեր և փորձի փոխանակման այլ ձևաչափեր։
ՊԵԿ «Ուսումնական կենտրոնը» կարևորում է բուհերի հետ շարունակական և փոխշահավետ համագործակցությունը՝ նպատակ ունենալով համալսարանական կրթությունը կապել գործնական փորձի հետ և նպաստել ապագա մասնագետների մասնագիտական կայացմանը։