ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
2 մայիսի 2024

Ընդհանուր և գործնական անգլերեն հարկային ծառայողների համար

ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը իր առաքելությանը համապատասխան շարունակում է  կազմակերպել դասընթացներ և կենտրոնացնել ռեսուրսներ, որպեսզի հարկային և մաքսային համակարգի աշխատակիիցները բարելավեն իրենց փորձը, բարձրացնեն աշխատունակությունը և մնան մրցունակ իրենց կարիերայում:

Շարունակական վերապատրաստումը շատ կարևոր է այսօրվա արագ զարգացող աշխատաշուկայում, որտեղ նոր հմտությունները և գիտելիքները մշտապես պահանջարկ ունեն:

Ներդրումները լեզվի ուսուցման մեջ՝ լինի դա ֆորմալ կրթության, ինքնուրույն ուսուցման կամ այլ տեսակի ծրագրերի միջոցով, զգալի երկարաժամկետ արդյունքներ են ապահովում ինչպես անհատների, այնպես էլ  կազմակերպության և հասարակության համար:

ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում ապրիլի 30-ին տեղի ունեցավ ՀՀ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության աշխատակիցների «Ընդհանուր և գործնական անգլերեն հարկային ծառայողների համար» թեմայով երկամսյա ծրագրի մասնակիցների հավաստագրերի հանդիսավոր հանձնման արարողությունը:  

Դասընթացների արդյունքում հարկային համակարգի 25 աշխատակից հնարավորություն ունեցան բարելավել և խորացնել  անգլերեն լեզվի իմացությունը: 

ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի ուսումնական ծրագրերի համակարգող Արուս Հակոբյանը շնորհակալություն հայտնեց դասընթացավարին  և մասնակիցներին հերթական ձեռքբերման համար:

Դասընթացավար  Քրիստինե Հարությունյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության և մասնակիցների արդյունավետ ներգրավվածության համար:

Մասնակիցները բարձր գնահատեցին թե՛ դասընթացավարների աշխատանքը, թե՛ դասընթացի արդյունքները՝ ընդգծելով ձեռք բերած գիտելիքի կիրառելիության անհրաժեշտությունը աշխատանքային գործընթացներում: