Տեղի ունեցան ուժային կառույցների միջև բանակային 4-րդ խաղերը
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ուժային կառույցների միջև բանակային 4-րդ խաղերն այս տարի համախմբեցին ավելի քան 280 մասնակիցների՝ ՀՀ պաշտպանության, ներքին գործերի և արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական պահպանության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի, Քննչական կոմիտեի և Հակակոռուպցիոն կոմիտեի թիմերից։
Մրցումները, որոնք անցկացվեցին օգոստոսի 2-8-ը Դիլիջանում՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի և պաշտպանության նախարարության մարզաբազաներում, ներառում էին ռազմամարզական քառամարտ, ռազմականացված կրոսավազք, փոխանցումավազք, ռազմամարզական կողմնորոշում և հրաձգության տարբեր մրցաձևեր։
Այս տարվա խաղերում ՊԵԿ թիմը գրանցեց բարձր արդյունք՝ իրավապահ մարմինների միջև թիմային հաշվարկում զբաղեցնելով առաջին հորիզոնականը։
Պետական եկամուտների կոմիտեի թիմի կազմում խաղերին մասնակցեցին նաև ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի աշխատակիցներ Լիանուշ Օհանյանը և Սաբինա Դավթյանը։
ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի աշխատակիցների մասնակցությունն այս նախաձեռնությանը ևս մեկ հնարավորություն էր ուժային կառույցների ընդհանուր թիմային միջավայրում հանդես գալու, նոր փորձ ձեռք բերելու և մրցակցային պայմաններում սեփական պատրաստվածությունն ու թիմային ոգին դրսևորելու համար։
Բանակային խաղերը նպատակ ունեն բարձրացնել տարբեր ուժային և իրավապահ կառույցների ներկայացուցիչների ֆիզիկական պատրաստվածությունը, խրախուսել առողջ մրցակցությունը, ամրապնդել փոխվստահությունը և համագործակցությունը: