ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
4 սեպտեմբերի 2026

ՊԵԿ մաքսային ծառայողների համար մեկնարկել են թմրամիջոցների մաքսանենգության բացահայտմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ

Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի Մաքսանենգության դեմ պայքարի վարչության նախաձեռնությամբ ՊԵԿ մաքսային ծառայողների համար մեկնարկել են «Թմրամիջոցների մաքսանենգության դեպքերի բացահայտում և մաքսանենգության դեմ պայքարի շրջանակում գենդերային զգայունություն» թեմայով վերապատրաստման դասընթացներ։

Դասընթացների կազմակերպումը բխում է ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 5-ի N 736-Լ որոշմամբ հաստատված՝ թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ոչ բժշկական նպատակներով գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունից բխող 2025-2027 թվականների գործողությունների ծրագրի պահանջներից։

Դասընթացները, մասնավորապես, ուղղված են փոստային և սուրհանդակային առաքանիներով թմրամիջոցների ապօրինի տեղափոխման կանխարգելմանն ու բացահայտմանը։ Վերապատրաստումների ընթացքում մաքսային ծառայողները ծանոթանում են թմրամիջոցների միջազգային դասակարգմանը, դրանց տեղափոխման հիմնական ուղղություններին և թաքցման տարբեր եղանակներին, ինչպես նաև մաքսանենգության դեպքերի բացահայտման ժամանակ կիրառվող ժամանակակից մեթոդներին։

Դասընթացների առաջին թեմատիկ դասընթացը վարեցին ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության իրավապահ համագործակցության և տեղեկությունների վերլուծության բաժնի պետ Մարիամ Տիտիզյանը և նույն բաժնի պետի տեղակալ Պանդուխտ Մարտիրոսյանը։

Դասընթացների արդյունավետ կազմակերպումն ապահովելու նպատակով ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության մասնագետների կողմից Համաշխարհային մաքսային կազմակերպության մաքսային իրավապահ ցանցում (WCO CEN) առկա մաքսանենգության դեպքերի վերաբերյալ տեղեկատվության, ինչպես նաև միջազգային հասանելի աղբյուրներում հրապարակված նյութերի ուսումնասիրության հիման վրա մշակվել է տեղեկատվական ձեռնարկ՝ փոստային և սուրհանդակային առաքանիներով թմրամիջոցների տեղափոխման ուղղությունների և թաքցման եղանակների վերաբերյալ։

Միաժամանակ մշակվել են «Թմրամիջոցների տեսակները՝ ըստ միջազգային դասակարգման» և «Թմրամիջոցների թաքցման եղանակները» թեմաներով տեղեկատվական նյութեր։

Վերապատրաստումների նպատակն է ամրապնդել մաքսային ծառայողների մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները, զարգացնել թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման և բացահայտման կարողությունները, ինչպես նաև նպաստել ոլորտում միջազգային լավագույն փորձի կիրառման ընդլայնմանը։