«Փոփոխությունների կառավարում» թեմայով դասընթաց
Զարգացումն անքակտելիորեն կապված է փոփոխության հետ և հաջողում է նա, ով լավագույնն է արձագանքում տեղի ունեցող փոփոխություններին։
Փոփոխությունը ներկա վիճակից անցումն է դեպի նոր վիճակ կամ պայման, որը պահանջում է դուրս գալ հարմարավետության գոտուց (կոմֆորտ զոնա) և ռիսկի դիմել, իսկ խելացի ձևով ռիսկի դիմելու համար պետք է կառավարել և քայլերը ուղղորդված տանել դեպի ցանկալի արդյունք՝ լինի դա անձնական աճի, կազմակերպության, թե հասարակության առաջընթացի համար: Փոփոխությունը շատ դեպքերում հանդիպում է դիմադրության և կառավարումը օգնում է անորոշ ապագան հնարավորինս տեսանելի և որոշակի դարձնել։
Վերոնշյալ գործընթացի արդյունավետ կառավարումը պահանջում է ճիշտ ու տեղին մոտեցումների և գործիքների կիրառություն, ինչը և կարևորելով՝ ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի «Կառավարման հմտություններ» թեմայով դասընթացում ներառված է «Փոփոխությունների կառավարում» թեման, որը հարկային ծառայության ղեկավար պաշտոններ զբաղեցնող պաշտոնատար անձանց համար վարեց ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»-ի դասընթացավար Անի Ջաբաղյանը։
Փոփոխության կառավարումը կազմակերպություններին հնարավորություն է տալիս լավագույն ձևով արձագանքել արտաքին և ներքին մարտահրավերներին և հնարավորություններին ՝ խթանելով կայուն զարգացումը հետևյալ պատճառներով՝
- Խափանումների նվազեցում-փոփոխությունները կարող են խաթարել կազմակերպությունում տեղի ունեցող բնականոն գործընթացները, իսկ վերջիններիս արդյունավետ կառավարումը օգնում է նվազագույնի հասցնել դրանք՝ պլանավորման և վերահսկման միջոցով:
- Ռիսկերի մեղմացում-փոփոխությունները կարող են առաջացնել նոր ռիսկեր, իսկ կառավարումը ենթադրում է այդ ռիսկերի գնահատում և դրանց մեղմացմանն ուղղված միջոցառումների իրականացում:
- Ընդունման դյուրացում-մարդիկ հաճախ դիմադրում են փոփոխություններին՝ անորոշության կամ անհայտի հանդեպ վախի պատճառով։ Փոփոխությունների արդյունավետ կառավարումը ենթադրում է փոփոխման պատճառների և տեսլականի իրազեկում, շարունակական հաղորդակցություն, աջակցություն և մասնակիցների ներգրավում: Սա նվազեցնում դիմադրողականությունը և մեծացնում է հաջող իրականացման հավանականությունը:
- Արդյունքների ձեռքբերում- շատ փոփոխություններ պայմանավորված են նպատակներին հասնելու անհրաժեշտությամբ: Փոփոխությունների արդյունավետ կառավարումը երաշխավորում է, որ այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ փոփոխությունները համապատասխանեցվում են կազմակերպության ընդհանուր գործունեության և ռազմավարության հետ:
- Այլն…
Վատ կառավարվող փոփոխությունները կարող են հանգեցնել կազմակերպության գործունեության անկայունությանը և բացասաբար ազդել արտադրողականության ու արդյունքների վրա։ Փոփոխությունների պատշաճ կառավարումը երաշխավորում է, որ կայունությունը պահպանվում է փոփոխությունների իրականացման և՛ ընթացքում, և՛ դրանից հետո: