ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
29 հուլիսի 2026

Մեկնարկել է ՊԵԿ Ուսումնական կենտրոնի և ՀԲԸՄ-ի համագործակցության շրջանակում իրականացվող մասնագիտական դասընթացների երկրորդ փուլը

Հուլիսի 25-ին Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) գրասենյակում կայացավ «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացվող մասնագիտական դասընթացների երկրորդ փուլի մեկնարկային հանդիպումը, որին մասնակցեցին ծրագրի մասնակիցները, ինչպես նաև ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի ներկայացուցիչները։

Հանդիպման ընթացքում «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Հայաստան» ծրագրի համակարգող Ռոզա Սայադյանը ներկայացրեց ՀԲԸՄ-ի գործունեությունը, կազմակերպության 120-ամյա առաքելությունը, ինչպես նաև ծրագրի նպատակներն ու մասնակցության հիմնական պայմանները՝ կարևորելով ակտիվ ներգրավվածությունն ու ծրագրի ամբողջ ընթացքում սահմանված մասնակցության պահանջների պահպանումը։

Այնուհետև ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի Գործընկերային ծրագրերի զարգացման պատասխանատու Լիլիթ Պողոսյանը և Կրթական ծրագրերի մշակման և կառավարման բաժնի պետ Գոռ Վարդանյանը ներկայացրեցին ծրագրի ուսումնական բաղադրիչը, դասընթացների կառուցվածքը, իրականացման ձևաչափն ու փուլերը՝ անդրադառնալով նաև ուսումնական գործընթացի կազմակերպմանը, մասնակիցների հետ շարունակական հաղորդակցությանը և ակտիվ ու պատասխանատու մասնակցության կարևորությանը։

Ծրագրի շրջանակում ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը կազմակերպում է դասընթացներ աշխատաշուկայում պահանջված երեք մասնագիտական ուղղություններով՝

  • Վաճառք
  • Հաշվապահական հաշվառում
  • Հաճախորդների սպասարկում

Ուսուցումը հիմնականում կիրականացվի առցանց ձևաչափով՝ ներառելով նաև պարբերաբար կազմակերպվող առկա հանդիպումներ։ Դասընթացների նպատակն է մասնակիցներին փոխանցել ոլորտային հիմնարար գիտելիքներ և գործնական հմտություններ, որոնք կօգնեն առավել վստահ մուտք գործել աշխատաշուկա, զարգացնել մասնագիտական կարողություններն ու բարձրացնել մրցունակությունը։

Հանդիպման ավարտին մասնակիցները հնարավորություն ունեցան ուղղելու իրենց հետաքրքրող հարցերը, ստանալու կազմակերպչական պարզաբանումներ և ծանոթանալու դասընթացների իրականացման ընթացակարգին։

Ծրագրի երկրորդ փուլի դասընթացները կմեկնարկեն օգոստոսի սկզբին։

ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը կարևորում է ՀԲԸՄ-ի հետ համագործակցությունը՝ որպես շահառուների համար գործնական գիտելիքների փոխանցման, աշխատաշուկայի պահանջներին համապատասխան հմտությունների ձևավորման և մասնագիտական զարգացման արդյունավետ հարթակ։ Համատեղ նախաձեռնությունները նպաստում են կրթական հնարավորությունների ընդլայնմանը և տարբեր խմբերի համար մասնագիտական աճի նոր հնարավորությունների ստեղծմանը։

ՀԲԸՄ «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Հայաստան» ծրագիրը աշխատուժի զարգացման նախաձեռնություն է, որի նպատակն է աջակցել զբաղվածության խնդիր ունեցող անձանց՝ անվճար մասնագիտական կրթության և կիրառական հմտությունների զարգացման միջոցով։ Ծրագիրն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում խոցելի և տեղահանված համայնքների ներկայացուցիչներին, երիտասարդներին, աշխատանք փնտրողներին և աշխատաշուկա վերադարձող կանանց։