ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
28 հուլիսի 2026

Ավարտվեց ՊԵԿ Ուսումնական կենտրոնի և ՀԲԸՄ-ի համատեղ ծրագրի առաջին փուլը

Հուլիսի 28-ին ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում կայացավ Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Հայաստան» ծրագրի շրջանակում իրականացված մասնագիտական դասընթացների առաջին փուլի ամփոփիչ միջոցառումը։

Ծրագրի ընթացքում մասնակիցներն ուսանել են աշխատաշուկայում պահանջված երեք մասնագիտական ուղղություններով՝ վաճառք, հաշվապահություն և հաճախորդների սպասարկում՝ ձեռք բերելով իրենց հետագա մասնագիտական գործունեության համար անհրաժեշտ գործնական գիտելիքներ և հմտություններ։

Միջոցառմանը մասնակցում էին ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի և ՀԲԸՄ-ի ներկայացուցիչները, դասընթացավարներն ու ծրագրի մասնակիցները։ Հանդիպման ընթացքում ամփոփվեցին ծրագրի առաջին փուլի արդյունքները, իսկ մասնակիցներն ու դասընթացավարները հնարավորություն ունեցան կիսվելու իրենց տպավորություններով և փորձով։

Բացման խոսքով հանդես եկավ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի Գործընկերային ծրագրերի զարգացման պատասխանատու Լիլիթ Պողոսյանը՝ շնորհակալություն հայտնելով ՀԲԸՄ-ին՝ արդյունավետ համագործակցության, ինչպես նաև դասընթացավարներին՝ ծրագրի հաջող իրականացման գործում ունեցած ներդրման համար։ Նա շնորհավորեց մասնակիցներին դասընթացների հաջող ավարտի կապակցությամբ՝ մաղթելով նրանց մասնագիտական նոր ձեռքբերումներ։

ՀԲԸՄ-ի «Սովորի՛ր և վաստակի՛ր․ Հայաստան» ծրագրի ղեկավար Աստինե Բադեյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի աշխատակիցներին և դասընթացավարներին՝ մասնակիցների նկատմամբ ցուցաբերած պատասխանատու և հոգատար վերաբերմունքի համար։ Նա ընդգծեց, որ ծրագրի բազմաթիվ մասնակիցներ արդեն իսկ արձանագրել են մասնագիտական առաջընթաց՝ ձեռք բերելով նոր աշխատանք, զարգացնելով իրենց հմտություններն ու ընդլայնելով մասնագիտական հնարավորությունները։

Մասնակիցները ևս կիսվեցին իրենց տպավորություններով՝ նշելով, որ դասընթացները նրանց տվել են ոչ միայն մասնագիտական գիտելիքներ և գործնական հմտություններ, այլև նպաստել են ինքնավստահության, հաղորդակցման կարողությունների և աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալուն։ Նրանք շնորհակալություն հայտնեցին ծրագրի կազմակերպիչներին և դասընթացավարներին՝ ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման և իրենց մասնագիտական զարգացմանն աջակցելու համար։

Միջոցառման ավարտին մասնակիցներին հանձնվեցին դասընթացների ավարտական հավաստագրերը, որից հետո նրանք հնարավորություն ունեցան շարունակելու շփումը ոչ պաշտոնական միջավայրում։

Ծրագրի շարունակականության ապահովման նպատակով արդեն մեկնարկել է նախաձեռնության երկրորդ փուլը, որի շրջանակում նոր մասնակիցներ հնարավորություն կունենան ձեռք բերելու պահանջված մասնագիտական հմտություններ և մասնակցելու աշխատաշուկային միտված ուսումնական ծրագրերին։

⭐ Ծրագիրն ավարտած մասնակիցներն արդեն պատրաստ են իրենց գիտելիքներն ու ձեռք բերած հմտությունները կիրառել աշխատաշուկայում։ Վաճառքի, հաշվապահության և հաճախորդների սպասարկման ոլորտներում նոր մասնագետների ներգրավմամբ հետաքրքրված գործատուները կարող են համագործակցության նպատակով կապ հաստատել ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի հետ՝ ծրագրի մասնակիցների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու և հնարավոր համագործակցությունը քննարկելու համար։