ՊԵԿ-ը և ՊԵԿ Ուսումնական կենտրոնը՝ «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026»-ի շրջանակներում
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն և ՊԵԿ Ուսումնական կենտրոնը սեպտեմբերի 23-ին մասնակցեցին Երևանի պետական համալսարանում անցկացված «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2026» միջոցառմանը՝ երիտասարդների հետ մասնագիտական երկխոսություն ծավալելու, պետական համակարգում իրականացվող գործունեությունն ու հնարավորությունները ներկայացնելու, ինչպես նաև նոր մասնագիտական կապեր և համագործակցություններ ձևավորելու նպատակով։
Այս տարի ԵՊՀ էքսպոն անցկացվեց նոր ձևաչափով՝ ավանդական կարիերայի տոնավաճառը վերածելով ավելի ինտերակտիվ և գործնական հարթակի, որտեղ ուսանողներն ու շրջանավարտները հնարավորություն ստացան ոչ միայն ծանոթանալու կազմակերպություններին և առկա կարիերային հնարավորություններին, այլև անմիջականորեն շփվելու գործատուների ու մասնագետների հետ, քննարկելու աշխատաշուկայի պահանջներն ու կարիերայի մեկնարկին առնչվող հարցերը։
Այս նոր ձևաչափի առանցքային բաղադրիչներից էր «Կարիերայի լաբորատորիա» ինտերակտիվ հարթակը, որի շրջանակում կազմակերպվել էր «Կարիերայի առաջին քայլերը․ գործատուների սպասելիքները» խորագրով պանելային քննարկումը։
Քննարկմանը որպես հյուր-խոսնակ հանդես եկավ ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը։ Պանելային քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց երիտասարդ մասնագետների կարիերայի մեկնարկին, աշխատաշուկայի պահանջներին, գործատուների ակնկալիքներին և աշխատանքի ընդունման գործընթացին։
Անդրադառնալով երիտասարդ մասնագետներից գործատուների ակնկալիքներին՝ Արուսյակ Միրզախանյանը կարևորեց ոչ միայն մասնագիտական գիտելիքները, այլև սովորելու և զարգանալու կարողությունը, պատասխանատվությունը, բարեվարքությունը, ճկունությունն ու թիմում աշխատելու հմտությունը։ Նա ընդգծեց նաև ինքնաճանաչման և սեփական արժեքները հստակ ձևակերպելու կարևորությունը, երիտասարդների ներուժը, համարձակությունն ու սովորելու պատրաստակամությունը, նշելով, որ վերջիններս կարող են դառնալ զարգացման կարևոր հիմք։
Իր խոսքն ամփոփելով՝ Արուսյակ Միրզախանյանը երիտասարդներին հորդորեց հավատալ սեփական ուժերին ու երազանքներին, շարունակել սովորել և արժևորել սեփական ներուժը։
Միաժամանակ, ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի և ՊԵԿ Անձնակազմի կառավարման վարչության ներկայացուցիչները այցելուներին համատեղ ներկայացրեցին մասնագիտական և կարիերային հնարավորությունները։
Նման հարթակները կարևոր հնարավորություն են երիտասարդ մասնագետների հետ անմիջական կապ ձևավորելու, շարունակական կրթության և մասնագիտական զարգացման հնարավորությունները ներկայացնելու և պետական համակարգում անհրաժեշտ մասնագիտական հմտությունների վերաբերյալ երկխոսություն ծավալելու համար։