Հանդիպում-քննարկում Ֆրանսիական համալսարանում ապագա իրավաբանների հետ
ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնը նախաձեռնել է հանդիպումների շարք համալսարանների ուսանողների հետ, որի նպատակն է իրազեկել Պետական եկամուտների կոմիտեում կրթություն և պրակտիկա ստանալու, օրենսդրական փոփոխություններին և ընթացիկ միջոցառումներին ծանոթանալու ծրագրերն ու ուղիները:
Այս ձևաչափով առաջին հանդիպում-քննարկումը տեղի ունեցավ մայիսի 2-ին Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ուսանողների հետ:
Հանդիպմանը ներկա էին ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը, ՀՀ ՊԵԿ Իրավաբանական վարչության պետի տեղակալ Նաիրա Ավանեսյանը, ՀՀ ՊԵԿ Համալիր հարկային ստուգումների վարչության պետի տեղակալ Նաիրուհի Ավետիսյանը և ՀՀ ՊԵԿ Ապրանքների դասակարգման և սակագնային կարգավորման բաժնի գլխավոր մաքսային տեսուչ Մհեր Ուլիխանյանը:
Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը ուսանողներին ներկայացրեց ՊԵԿ համակարգում առկա ծրագրերը և հնարավորությունները, որոնք կարող են նպաստել վերջիններիս մասնագիտական հատուկ հմտությունների զարգացմանը և փորձի ձեռքբերմանը:
Նաիրա Ավանեսյանը կիսվեց իր փորձով՝ կենտրոնանալով իրավական որոշակի ոլորտների վրա, ինչպիսիք են հարկային օրենսդրությունը, աշխատանքային իրավունքը, մտավոր սեփականությունը, որոնք ապահովեցին ուսանողների բազմաթիվ մասնագիտական հարցերի պատասխանները:
Մհեր Ուլիխանյանը հասցեական ու համապարփակ տեղեկատվություն տրամադրեց մաքսային մարմնի գործունեության վերաբերյալ՝ առաջացնելով մասնակիցների մոտ համակարգում աշխատելու հետաքրքրություն:
Նաիրուհի Ավետիսյանը խոսեց գործնական աշխատանքի կարևորության մասին: Ըստ Ավետիսյանի՝ մասնագիտության ընտրության և հաջողության հասնելու ճանապարհին էական դերակատարում է ունենում համալսարանում ձեռք բերած գիտելիքները իրական աշխատանքային միջավայրում զուգահեռաբար կիրառելը:
ՊԵԿ ներկայացուցիչները փաստեցին, որ պետական համակարգում աշխատելու կարևոր շարժառիթներից է պետականամետ գործունության կատարումը և պետության զարգացման գործում սեփական ներդրման գիտակցումն ու պատասխանատվության ստանձնումը: