ՀՀ ՊԵԿ «Ուսումնական կենտրոն»
30 սեպտեմբերի 2025

«Երկրները մեկ հարկի տակ, 2025» միջազգային ֆորում

«Երկրները մեկ հարկի տակ, 2025» միջազգային ֆորումի շրջանակում կայացած «Բարձր տեխնոլոգիաները փոքր և միջին բիզնեսի զարգացման մեջ․ ժամանակակից մարտահրավերներն ու պետական աջակցության դերը ձեռներեցության մեջ» թեմայով պանելային քննարկման հրավիրված խոսնակներից էր ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնի տնօրեն Արուսյակ Միրզախանյանը։

Իր խոսքում տիկին Միրզախանյանը կարևորեց կրթության հիմնարար դերը տնտեսության թվայնացման, նորագույն տեխնոլոգիաների ներդրման, ինչպես նաև բիզնեսի համար նոր հնարավորությունների և շուկաների ստեղծման գործընթացում՝ ընդգծելով, որ հենց կրթված և որակյալ մասնագետներն են ապահովում իրական արդյունքներ։

«Ուսումնական կենտրոնը հանդիսանում է եզակի հարթակներից մեկը, որտեղ հանդիպում են պետությունն ու բիզնեսը։ Արդեն 13 տարի Կենտրոնը իրականացնում է կրթական ծրագրեր ոչ միայն հարկային և մաքսային ծառայողների, այլ նաև բիզնեսի ներկայացուցիչների համար։

Բացի այդ, Ուսումնական կենտրոնի մասնակցությունը՝ ապահովելու պետական աջակցություն ձեռներեցության խթանման գործում, կայանում է հետևյալ երեք հիմնական ուղղություններով՝

  1. Դասընթացների կազմակերպում:  Մեր դասընթացավարներն ու մասնագետները մանրամասն ներկայացնում են ձեռնարկատիրական գործունեությանը վերաբերող օրենսդրական կարգավորումները և աջակցում են ձեռներեցների  իրազեկվածության մակարդակի  բարձրացմանը՝ բացատրելով գործող օրենքների պահանջները:
  2. Հանրային իրազեկում։ Պետությունն իրազեկման արշավների միջոցով հաղորդակցվում է ձեռներեցների հետ՝ փոխանցելով տեղեկատվություն օրենսդրական փոփոխությունների և սպասվող բարեփոխումների մասին։
  3. Աջակցող թիրախային կրթական ծրագրերի իրականացում։ Ծրագրերից հերթականի մեկնարկը կլինի շուտով։ Հոկտեմբերի 8-15-ը Ուսումնական կենտրոնում նախատեսվում է անվճար դասընթաց՝ «Արտահանման պատրաստվածություն ԵՄ, ԱՄՆ և Չինաստան ուղղությամբ. հայաստանյան արտահանողների համար» թեմայով, որը կիրականացվի Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հայաստանյան գրասենյակի հետ համագործակցության շրջանակում»։

Տիկին Միրզախանյանը շեշտեց նաև Ուսումնական կենտրոնի կարևորագույն առաքելությունը՝ լինել երկխոսության կամուրջ պետության և բիզնեսի միջև, ինչպես նաև նպաստել կամավոր կարգապահության մշակույթի ձևավորմանը՝ իրականացնելով համաժամանակյա ուսուցում ինչպես պետական ծառայողների, այնպես էլ ձեռներեցների համար։