Դասընթաց դասընթացավարների համար
«Սովորել, ապաՍովորել, վերաՍովորել» մոտեցումը ժամանակակից իրականության անքակտելի մասն է կազմում: Վերջինս անհրաժեշտ է յուրաքանչյուր անհատի՝ գիտելիքներով ու հմտություններով լի զամբյուղը թարմացնելու, լրացնելու և փոփոխվող միջավայրին հարմարվելու համար:
ՀՀ ՊԵԿ Ուսումնական կենտրոնում մայիսի 16-ին մեկնարկել է «Դասընթաց դասընթացավարների համար» թեմայով վեցօրյա դասընթացը: Դասընթացը նպատակ ունի բարելավել արդեն դասավանդող մասնագետների ուսուցանման պրակտիկան՝ զարգացնելով ոչ ֆորմալ և ինտերակտիվ մեթոդների ներդրման, դրանց հետ աշխատանքի արդյունքների գնահատման հմտություններն ու գործիքարանը:
Ուսուցանվող մեթոդները տեղում փորձարկվելու են, մեթոդական քննարկումները թույլ են տալու առավել մանրամասն ընկալել և դիտարկել դրանց հետ աշխատանքի առարկայական յուրահատկությունները:
Ուսումնական կենտրոնը շարունակական կերպով ստեղծում է հնարավորություններ տարբեր լսարանների և մասնագետների համար՝ նպաստելով վերջիններիս բազմակողմանի զարգացմանը, մասնագիտական և անձնային աճին:
Դասընթացը վարում են Արեգ Թադևոսյանը և Զարուհի Լավչյանը, ովքեր վերջին քսան տարիների ընթացքում զբաղվել են կրթական ծրագրերով, դրանց որակի ապահովման, դասընթացավարների պատրաստման և վերապատրաստման ծրագրերով: Որպես փորձագետներ և խորհրդատուներ աշխատել և աշխատում են Հայաստանում և արտասահմանում, պետական և ոչ պետական կառույցների, մի շարք միջազգային կազմակերպությունների և ծրագրերի հետ: