Լիանա Եղիազարյանը լրագրող, լեզվաբան-գրականագետ, մանկավարժ և միջազգային հարաբերությունների մասնագետ է՝ մեդիայի, հաղորդակցության, հանրային կառավարման և կրթության ոլորտներում բազմամյա մասնագիտական փորձով։
Ներկայումս զբաղեցնում է Հայաստանի Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագրի տնօրենի պաշտոնը և դասավանդում Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում։
Իր մասնագիտական գործունեության ընթացքում աշխատել է ՀՀ առողջապահության նախարարությունում՝ որպես նախարարի մամուլի քարտուղար, ղեկավարել է ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Տեղեկատվության, խորհրդատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, ինչպես նաև աշխատել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերությունում և «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունում։
Լիանա Եղիազարյանը մասնագիտացած է հանրային հաղորդակցության, առաջնորդության, բանակցությունների, հանրային խոսքի, մեդիա ռազմավարության, թիմային աշխատանքի և որոշումների կայացման ոլորտներում։ Իրականացրել է առաջնորդության և խնդիրների լուծման թեմաներով վերապատրաստումներ, հանդես եկել որպես մեդիա փորձագետ և մասնակցել բազմաթիվ միջազգային լրագրողական ծրագրերի, համաժողովների ու մասնագիտական սեմինարների՝ Հայաստանում և արտերկրում։
Ավարտել է Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի Գերմաներեն լեզվի և գրականության ֆակուլտետը՝ միջմշակութային հաղորդակցության մասնագիտացմամբ, ինչպես նաև Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրատուրան։ Ներկայումս ուսումը շարունակում է Գերմանիայի Հագենի պետական հեռավար համալսարանում՝ քաղաքականագիտության, կառավարման և սոցիոլոգիայի ուղղություններով։