Փոխըմբռնման հուշագիր կնքվեց Պետական եկամուտների կոմիտեի և Հայաստանի ամերիկյան համալսարանի միջև
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի և «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր՝ ձևավորելով ՊԵԿ-ի և ՀԱՀ-ի միջև համագործակցության մի նոր փուլ։
Համագործակցության խորացումը նպատակ ունի համակարգված կերպով խթանել հանրային կառավարման թվայնացման գործընթացները, զարգացնել կրթական ներուժն ու ամրապնդել վերլուծական կարողությունները՝ ուղղված ոլորտների արդյունավետության բարձրացմանը։
Այս համատեղ ջանքերի շրջանակում ստորագրված փոխըմբռնման հուշագիրը բացում է նոր հնարավորություններ՝ ինչպես ՀԱՀ-ի ուսանողների մասնագիտական պատրաստվածության և զարգացման, այնպես էլ ՊԵԿ-ի կողմից նորարարական լուծումների ներդրման և դրանց փորձարկման տեսանկյունից։
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդգծեց նմանօրինակ ռազմավարական համագործակցությունների դերը՝ նշելով, որ համալսարանների հետ հաստատվող կապերն առանցքային են հանրային կառավարման թվային վերափոխման գործընթացում։ Նրա խոսքով՝ համախմբված ջանքերն ու գիտակրթական կառույցների ներուժի ակտիվ օգտագործումը կարող են նշանակալի ազդեցություն ունենալ պետական համակարգերի արդյունավետության բարձրացման վրա։
Իր հերթին, ՀԱՀ նախագահ Բրյուս Բողոսյանը շեշտեց համալսարանի պատրաստակամությունը՝ ակտիվորեն մասնակցելու պետական կառավարման համակարգի զարգացման գործընթացներին՝ հավատարիմ մնալով բարձրորակ կրթության տրամադրման և հասարակական ներգրավվածության խորացման իր առաքելությանը։
Հուշագրի ստորագրման արարողությանն ուղեկցած աշխատաժողովի շրջանակում ներկայացվեցին ՊԵԿ կողմից կիրառվող տվյալահեն լուծումների ներկա փորձառությունները, մասնավորապես՝ մեքենայական ուսուցման և արհեստական բանականության ներդրման գործընթացները հարկային վարչարարության մեջ։
Տեղեկատվական տեխնոլոգիաների ռազմավարական ինտեգրման հարցում առաջատար դիրք զբաղեցնելով՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն նպաստում է պետական կառավարման և գիտակրթական հատվածների համադրմանը՝ ձևավորելով փոխշահավետ համագործակցությունների կայուն դինամիկա։ Այսպիսով, Կոմիտեն շարունակում է ընդլայնել իր համագործակցությունը տեղական և միջազգային հետազոտական կենտրոնների և փորձագիտական շրջանակների հետ։
ՊԵԿ-ի և ՀԱՀ-ի միջև ձեւավորվող համագործակցությունը դառնում է և՛ ակադեմիական, և՛ պետական կառույցների փոխգործակցության նոր մոդել, որը միտված է տվյալներով առաջնորդվող, թափանցիկ և արդիական պետական համակարգի կերտմանը, որտեղ կրթությունը, տեխնոլոգիան և կառավարման նոր մշակույթը համադրվում են արդյունավետ և երկարաժամկետ արդյունքներ ապահովելու նպատակով։